Երեւանում վերելակների համար վճարը 20-30 տոկոսով կբարձրանա:

Այս մասին մայիսի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը` մեկնաբանելով Երեւանի բարձրահարկ բնակելի շենքերում դեռեւս շահագործվող հնացած վերելակները նորերով փոխարինելու հնարավորությունը:

Ընդ որում փոխքաղաքապետը նշեց, որ տվյալ ծրագիրը դեռեւս մշակման փուլում է եւ շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը:

«Խոսքն ավելի քան 30 մլրդ դրամի մասին է: Սա ըստ էության 3 հազար վերելակների փոխարինման հիմնադրամ է, որը գործում է Երեւանում: Սակայն մայրաքաղաքի բյուջեն կազմում է միայն 31 մլրդ դրամ: Եթե մեզ հաջողվի իրականացնել տվյալ ծրագիրը, ապա բյուջեով նախատեսված մյուս ծրագրերը մենք չենք կարող իրականացնել», - պարզաբանեց Սարգսյանը:

Փոխքաղաքապետը նաեւ նշեց, որ քաղաքացիներից փողերի հավաքման ներկայիս մեխանիզմը անհասկանալի է եւ շատ հարցեր է առաջացնում, քանի որ քաղաքացիներից տարբեր միջոցներ են գանձվում տեխնիկական ստուգումների եւ բազմահարկ շենքերում վերելակների աշխատունակության պահպանության համար:

 «Մի շենքում այդ ծառայությունը կարող է ամեն բնակչից կազմել ընդամենը 1000 դրամ, մյուսներում՝ 4000 դրամ...Եթե օրինակ միջինում սպասարկման համար վերցնենք 1600 դրամ, ապա այդ գումարը կավելանա 20-30 տոկոսով: Այսինքն քաղաքացիների ֆինանսական բեռը կավելանա», -պարզաբանեց Սարգսյանը՝ հավաստաիցնելով, որ հնարավոր ամեն ինչ կարվի, որպեսզի տվյալ ֆինանսկաան բեռը առավելագույնս մեղմվի:

Դրա հետ մեկտեղ նա հավելեց, որ Երեւանում շահագործվող  վերելակների ավելի քան 70 տոկոսը աշխատել են ավելի քան 40 տարի եւ նրանց պիտանելիության ժամկետը վաղուց լրացել է: