Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու վաղը՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին: Այս մասին 168.am-ի  հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Վարչապետն այսօր Բրյուսելում մասնակցելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրվող պաշտոնական ընթրիքին՝ նվիրված Արեւելյան գործընկերության տասնամյակին: «Վարչապետը մասնակցելու է կարեւոր մի միջոցառման, որին ներկա են լինելու Դոնալդ Տուսկը, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, պատվիրակությունների ղեկավարներ։ Լինելու են պաշտոնական հայտարարություններ, պարոն Փաշինյանը եւս իր խոսքը կասի, իսկ վաղվա միջոցառումներին կմասնակցի ՀՀ արգործնախարար Զոհրաբ Մնացականյանը»,- ասել է Վ.Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Բրյուսելում համատեղ գագաթնաժողովին մասնակցելու են Եվրամիության 28 երկրների առաջնորդներն ու արտգործնախարարները: Բրյուսելում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Մայիսի 14-ին Եվրոպական հանձնաժողովն է տասնամյակի առիթով բարձր մակարդակով միջոցառում անցկացնելու: