Տոնական օրերին ռուս սահմանապահների կողմից  Հայաստան պետական սահմանով ներկրվող թմրանյութերի կասեցման 2 փորձ է արձանագրվել:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանային ջոկատի աշխատակիցների կողմից  Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղեւորվող բեռնատարի ստուգման ժամանակ, մեքենայի քնելու համար նախատեսված հատվածում՝ վարորդի անձնական իրերի տակ, պլաստիկ փաթեթ է հայտնաբերվել, որում 16 հաբ է  եղել: Դրանք ենթադրաբար պարունակում են «մետադոն» ուժեղ ազդեցություն ունեցող թմրամիջոցը: Հայտնաբերված նյութերի ընդհանուր քաշը կազմում է 3.6 գրամ:

ՀՀ տարածք մտնող մեկ այլ տրանսպորտային միջոցի զննության ժամանակ Շվեյցարիայի քաղաքացու մոտ՝ մեքենայի սրահում 10 հաբերով 4 թիթեղ է հայտնաբերվել, որոնք հավանաբար պարունակում են  «տրամադոլ» նյութ, ընդհանուր 4 գրամ քաշով, թափանցիկ հեղուկով ամպուլա 10 գրամ ընդհանուր քաշով, սպիտակ գույնի 12 հաբ, որոնք հավանաբար պարունակում են «կոդեին նյութը»: