ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ցույցից հետո Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածները, այդ թվում՝ TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, ազատ են արձակվել։

NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանը պատմեց, որ իրեն Ոստիկանության բաժին են հրավիրել ինչ-որ դիմումի հիման վրա. «Եկել են 3 հոգի երիտասարդ տղաներ՝ հրավիրել ոստիկանություն, համաձայնել եմ, ասել են, որ ինչ-որ դիմում կա։ Այսքանը։ Բացարձակ ինձ հետ կապ չունեցող բան է։ Մի երկու սադրիչ կային այնտեղ։ Ես ոստիկաններին անընդհատ դիմում էի, որ իրենք սադրիչին հանեին, իզուր ժողովրդի մոտ բորբոքված վիճակ չստեղծելու համար»։

Նա մանրամասնեց, թե խոսքն ինչ դիմումի մասին է. «Ինչ-որ մեկը դիմում է տվել սպանության սպառնալիքների մասին, որ շատ ծիծաղելի է ինձ համար։ Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց եւ դուրս եմ եկել։ Այստեղ եմ հրավիրել 19։30, որը արձանագրված է»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ցույց էին իրականացնում։ Նրանք եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ռոբերտ Քոչարյանին եւ պահանջելու արդար դատաքննություն։ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին զուգահեռ միջադեպ էր տեղի ունեցել դատարանի բակում՝ Քոչարյանի աջակիցների եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ։ Լրագրողների հետ զրույցում Գասպարին հայտարարել է, որ քաշքշուքի ժամանակ իրեն շշով հարվածել են, բացի այդ՝ այտոսկրի վնասվածք է ստացել։ Քաղաքացիական ակտիվիստը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։