Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Greenpeace կազմակերպության 13 ակտիվիստի, որոնք մասնակցում էին բողոքի ցույցին Սիդնեյի Harbour Bridge կամրջին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահների պաշտոնական կայքին։

Առավոտյան ժամը 05.15-ին Harbour Bridge-ի անվտանգության ծառայության աշխատակիցները նկատել են մի քանի մարդու, որոնք բարձրացել էին կամրջի վրա։ Պահապանները ոստիկանություն են կանչել եւ իրենց ուժերով կալանել մի քանի հոգու, բայց խմբի մեծ մասը հասցրել է բարձրանալ կամրջի թռիչքների վրա եւ թաքնվել դրանց տակ։

«Ցույցի մասնակիցների կալանման ժամանակ գործադրվել են փրկարար ծառայության, ափամերձ պահպանության եւ հատուկ ավիացիայի ուժերը։ Ավելի ուշ կալանվել է եւս երեք ակտիվիստ, որոնք հասցրել էին իրենց պարաններով կապել կամրջին։ Այժմ բոլոր 13 մասնակիցներն էլ տարվել են Սարի Հիլզի եւ Դեյ Սթրիթի ոստիկանական տեղամասեր՝ հետագա հետաքննության համար»,- ասվում է նահանգի ոստիկանության հաղորդագրությունում։

Կալանվածներին առաջիկայում մեղադրանքներ կներկայացվեն։