Հաքերները WhatsApp-ում զանգերի ֆունկցիայի օգնությամբ բջջային հեռախոսների վրա լրտեսական ծրագրային ապահովում են տեղադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times-ին։

Պարբերականի տեղեկություններով՝ չարագործները լրտեսական ծրագիր են տեղադրել՝ զանգեր կատարելով WhatsApp հավելվածի օգնությամբ։ Ընդ որում, վնասակար կոդը բեռնվում է, նույնիսկ եթե բաժանորդը չի պատասխանում զանգին, իսկ զանգի մասին տեղեկությունը ջնջվում է հեռախոսի հիշողությունից։ Նշվում է, որ հարձակման համար խոցելի են iOS և Android օպերացիոն համակարգեր ունեցող սարքերը։

Կիբերհարձակման զոհերից մեկը դարձել է բրիտանացի հայտնի իրավաբանը, նրա անունը չի նշվում։ Հավելվածում խնդրի մասին տեղեկացել են մայիսի սկզբին, իսկ անցած շաբաթ ընկերությունն այդ մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը։

Պարբերականի տեղեկություններով՝ լրտեսող ծրագիրը մշակել է իսրայելական NSO Group մասնավոր ընկերությունը, որը զբաղվում է կիբերհետախուզության միջոցների արտադրմամբ։ Ընդ որում, ընկերությունում նշել են, որ իրենք չեն օգտագործում իրենց մշակումները, իսկ ծրագրային ապահովումը կառավարում են բացառապես նրանք, ովքեր գնում են իրենց տեխնոլոգիաները։

Sky News հեռուստաալիքի տեղեկություններով՝ WhatsApp-ում հաստատել են կիբերհարձակման փաստը՝ նշելով, որ այն ունեցել է սահմանափակ մասշտաբ։ Ընկերությունում նաև տեղեկացրել են, որ խոցելիությունը հեռացվել է։

Financial Times–ը նշում է, որ այժմ WhatsApp–ի լսարանը ողջ աշխարհում կազմում է 1,5 մլրդ մարդ։