Մեղրիի հայտնի միջադեպը դարձավ բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Մեղրիի միջադեպը արդյունք է երկու գլոբալ խնդրի, որոնք կան բանակում։ «Նախ՝ դա վկայում է այն մասին, որ խնդիրը միջանձնային հարաբերություններում է, որոնք գոյություն ունեն երկար ժամանակ։ Այն կարելի է լուծել հասարակության եւ բանակի սերտ փոխգործակցության պարագայում։ Պետք է սկսել մանկապարտեզից։ Երկրորդ՝ բանակում անգամ սպաներ են ծառայում, որոնք պայմանական դատվածություն ունեն։ Սա կաշկանդում է նրանց զինվորների հետ հարաբերություններում»,- ասել է նա։

Պատգամավորն ընդգծել է, որ միջադեպի բոլոր մեղավորները պետք է պատժվեն, իսկ ցանկացած խնդիր բանակում պետք է լուծել արագ, բայց բացառելով պոպուլիզմը։ «Մենք օգտագործում ենք մեր հնարավորությունները ոչ միայն բանակում, այլ նաեւ այլ, ներառյալ՝ իրավապահ կառույցներում, նման միջադեպերը բացառելու համար»,- հավաստիացրել է կառավարող դաշինքի պատգամավորը։

Տիգրան Կարապետյանը կարծում է, որ եւս մեկ իներցիոն դրսեւորում է կոռուպցիան, որի դեմ պետք է պայքարել։ «Բանակում կոռուպցիայի դեմ պայքարը կարող է որոշ ժամանակ տեւել՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ կառույց է այն։ Օրինակ, պետք է ստուգում կատարել եւ պարզել սպաների բնակարան ստանալու կարգը, եւ կա՞ արդյոք այստեղ կոռուպցիոն դրսեւորում։ Մենք հանդիպել ենք մարդկանց հետ, որոնք դժգոհել են այս առիթով»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ մարտի վերջին Մեղրիում զինծառայողների մի խումբ խախտել էր կարգապահությունը, փորձել չենթարկվել օրինական պահանջներին, ստիպել հրամանատարներին այնպես անել, ինչպես իրենք են ուզում։ Զինվորները լքել էին զորամասը՝ սափրվել չցանկանալը բացատրելով  «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանին նմանվելու ձգտմամբ։