Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 14-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը եւ խորհրդական Լեւոն Մարգարյանը։

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը կարեւորել է հանրության հետ պարզ եւ թափանցիկ աշխատելու համար տեղեկատվական դաշտում նոր գործիքակազմով ու նոր հարթակներով ընթանալու առաջնահերթությունը, մասնավորապես՝ կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման առումով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հ. Մովսիսյանը ներկայացրել է Արցախ ժամանելու հիմնական նպատակները, ինչպես նաեւ փոխգործակցության խորացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների լայն շրջանակը: Նա նշել է, որ իրենք պատրաստ են ՊՈԱԿ-ին կից նորաբաց «Օրբելի» հետազոտական կենտրոնի փորձագիտական ներուժը ներդնել տարբեր ուղղություններով Արցախի համար եւ Արցախում ուսումնասիրություններ կատարելուն:

Հանդիպման վերջում զրուցակիցները պայմանավորվածություններ են ձեռք բերել հեռահողորդակցության հասանելիության եւ արցախյան հեռուստատեսության ու ռադիոյի տեխնիկական ու ծրագրային վերազինման անհրաժեշտության խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու  հարցերի շուրջ: