Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել դատարանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Երաշխավորագիրն այսօր՝ մայիսի13–ին դատարանին ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Արցախի ներկա եւ նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում,  վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

«Երաշխավորում ենք, որ ազատագրության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա՝ դատարանին ներկայանալը եւ խնդրում ենք կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,–ասված է երաշխավորության մեջ։

Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարանին այս հարցը քննարկել այսօր:

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը սակայն հիշեցրեց, որ այն անձը, ով երեաշխավոր լինելու ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է ներկայանա դատարան եւ իր կամարտահայտությունը վերահաստատի դատարանում, բացի այդ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի իր իրավունքներն ու պարտականությունները ։

Դատավորի խոսքով՝ անձը, ով երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար,  պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորվի։

Քոչարյանի պաշտպանները խոստացան մինչեւ  դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նախագահները ներկայանալ դատարան։

Հիշեցնենք, որ առաջ էլ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն էին դիմել  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կոչ անելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ Դատախազությունը սակայն մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, որ այդ հարցը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից, քանի որ գործն արդեն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում է եւ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ: