Lenovo ընկերությունը ներկայացրել է ճկվող էկրանով նոթբուք։ Ընկերությունում նշել են, որ դա դեռ նախատիպն է, եւ լիարժեք սարքի շնորհանդեսը կկայանա 2020 թվականին՝ գրում է The Verge-ը։

Սարքն ունի 13,3 դյույմանոց ծալովի էկրան՝ 2К թողունակությամբ եւ 4։3 հարաբերակցությամբ կողմեր։ Ընկերության ներկայացուցչի խոսքերով, նոթբուքի քաշը չի անցնում մեկ կիլոգրամից, սակայն առավել ստույգ տվյալներ պարզել չի հաջողվել։ Lenovo-ն նաեւ չի հրապարակել նոթբուքի տեխնիկական բնութագրերը։ Հայտնի է միայն, որ սարքն աշխատում է Windows 10-ով, իսկ նրա պրոցեսորը Intel-ից է։

Սարքը թեսթավորող լրագրողը նշել է, որ ծալելու մեխանիզմը հուսալի չի թվում, եւ իրեն արգելել են այն խոշոր պլանով նկարել։ Ենթադրվում է, որ սարքը կարելի է բացած վիճակում օգտագործել որպես պլանշետ, կամ ծալած վիճակում՝ որպես սենսորային ստեղնաշարով նոթբուք։

Տվյալ պահին շատ ընկերություններ աշխատում են միայն ծալվող սմարթֆոններ ստեղծելու ուղղությամբ։ Այսպես, Samsung-ը ներկայացրել է Galaxy Fold հեռախոսը, որը երկու էկրան ունի՝ հիմնական եւ ծալովի։ Այն պետք է վաճառքի հանվեր ապրիլի վերջին, սակայն թեսթային սարքերի կոտրվելու պատճառով լրագրողների բողոքներից հետո վաճառքը հետաձգվել է։