Twitter-ի ծրագրավորողները խոստովանել են գովազդային գործընկերոջը iOS-ի որոշ օգտատերերի տվյալների հավաքման եւ փոխանցման փաստը: Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական բլոգում, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Եթե iOS-ի համար Twitter-ում դուք մի քանի անձնական էջ եք օգտագործել եւ որոշել եք էջերից մեկում ակտիվացնել գտնվելու վայրի գործառույթը, մենք կարող էինք պատահաբար գտնվելու վայրի մասին տվյալներ հավաքել, երբ դուք նույն սարքով այլ էջից եք օգտվել», - ասվում է հաղորդագրությունում: Հավաքված տվյալները ստացել է վստահելի գովազդային գործընկերներից մեկը, որի անունը չի բացահայտվում:

Ընդ որում, ինչպես պնդում են Twitter-ում, գործընկերը չի ստացել օգտատերերի անձնական տվյալները, իսկ  գտնվելու վայրի  մասին տվյալներն անմիջապես ջնջվել են:

Ընկերությունը նշել է, որ տեղեկացրել է օգտատերերին, որոնց անդրադարձել է տվյալների արտահոսքը, սխալի ուղղման մասին: Մյուս օգտատերերին սոցցանցը կոչ է արել ստուգել գաղտնիության կարգավորումները, որպեսզի համոզվեն, որ նրանք կիսվում են միայն այն տվյալներով, որոնցով ցանկանում են: