Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են Saudi Aramco կոնցեռնի երկու նավթակայանի վրա զինված դրոնների հարձակման մասին։ Պետական նավթային կոնցեռնը անվտանգության նկատառումներով դադարեցրել է նավթի մղումը արեւելաարեւմտյան խողովակաշարով, որով նավթը հասցվում է Յանբու էլ Բահր նավահանգիստ, տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալեդ ալ Ֆաթեհը, հաղորդում է DW-ն։

Նախարարի խոսքով՝ հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել, բայց օջախը վերցվել է վերահսկողության տակ, եւ նյութական վնասը մեծ չէ։ Զոհերի մասին չի տեղեկացվում։

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են ապստամբ հուսիթները Եմենում, որոնց աջակցում է Իրանը։ Հայտարարությունում, որը տարածվել է ապստամբների «ալ Մասիրա» հեռուստաալիքով, ասվում է, որ հուսիթները խոշոր ռազմական գործողություն են իրականացրել սաուդյան թիրախների դեմ՝ ի հատուցումն ագրեսիայի եւ Եմենի ժողովրդի պաշարման։ «Դա ուղերձ է Սաուդյան Արաբիային։ Դադարեցրեք ձեր ագրեսիան։ Մեր նպատակը հանցագործություններին պատասխանելն է, որոնք ամեն օր կատարվում են Եմենի ժողովրդի դեմ»,- ընդգծվում է հայտարարությունում։

Հարձակումը նավթակայանների վրա Էր Ռիադի շրջանում տեղի է ունեցել այն բանից մի քանի օր հետո, երբ հարեւան Արաբական Միացյալ Էմիրություններում գրոհի էին ենթարկվել լցանավերը։ Ալ Ֆաթեհը հարձակումն անվանել է գրոհ ամբողջ աշխարհում նավթային մատակարարումների անվտանգության վրա։