Թուրք վերլուծաբան Յավուզ Սելիմ Դեմիրաղը մայիսի 10-ին ելույթ է ունեցել հեռուստաշոուի ժամանակ, որից հետո նրան բեյսբոլի մականներով ծեծել են: Իշխանությունների հասցեին իր քննադատությամբ հայտնի Դեմիրաղը քայլելիս է եղել դեպի տուն, երբ լսել է «ծեծեք նրան, սպանեք նրան» բղավոցները:

Հարձակումից հետո չարագործները մեքենայով թաքնվել են: Դեմիրաղը հոսպիտալացվել է ջարդված քթով եւ գլխուղեղային վնասվածքով: Սա այն է, ինչ տեղի է ունենում երբեմնի ժողովրդավար Թուրքիայում, որն այժմ կիրառում է պատժիչ խմբերն ու վախը՝ գրում է Washington Post-ը:

Էրդողանը Թուրքիայի քաղաքական համակարգը նախագահական իշխանության է վերածել եւ 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո սկսել է անողոք քարոզարշավը՝ քննադատներին լռեցնելու համար:

Մարտի 31-ին նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պարտվեց Ստամբուլի եւ Անկարայի ընտրություններում: Պարտությունը բարկացրեց Էրդողանին, որը Ստամբուլի քաղաքապետ էր 1990-ականներին, քաղաքը նրա քաղաքական բազան է մնում: Դրանից հետո Բարձրագույն ընտրական խորհուրդը՝ իշխող կուսակցության ճնշումների ներքո, չեղարկեց ընտրություններն ու նոր ընտրություններ նշանակեց հունիսի 23-ին: Ընդդիմությունը քննադատեց այդ քայլը՝ հայտարարելով, որ այդ ընտրություններում իր հաղթանակը գողացել են:

Դեմիրաղը Yenicag պարբերականի համար գրում է, որը աջակցում է ընդդիմադիր կուսակցություններից մեկին: Թուրքիայում մեր օրերում նման ընտրություններ շատ են եղել: Էրդողանը թուրքական հանրության զտումներ է իրականացրել՝ պատժելով իր ենթադրյալ թշնամիներին: Նա 189 ԶԼՄ է փակել եւ բանտարկել մոտ 319 լրագրողի:  

Թուրքիան 2019 թվականին մամուլի ազատության վարկանիշային ցուցակում 180 երկրների շարքում զբաղեցրել է 157-րդ տեղը: Ընդհանուր առմամբ, 96885 մարդ է ձերբակալվել, 6021 գիտնական աշխատանքից ազատվել է, 4463 դատավոր եւ դատախազ զրկվել է պաշտոնից:

Պարբերականը նշում է, որ Դեմրիաղին ծեծի ենթարկեցին՝ նախազգուշացնելով մյուս լրագրողներին:

Նման թեմաները, ինչպիսիք են՝ հեղաշրջման փորձ, քրդերի հետ հակամարտություն ու Էրդողանի ընտանեկան հարստություն, արգելված են երկրում: Այժմ նա տաբուների շարքում է ավելացրել ընտրությունները՝ հույս ունենալով, որ մարդիկ կլռեն: Գողացված ընտրությունները Թուրքիայում լարվածության հիմնական աղբյուրն են դարձել:

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն այցելել է Դեմրիաղին՝ զարմանք հայտնելով, թե ինչպես կարող են նրան ծեծի ենթարկել միայն այն բանի համար, որ իր կարծիքն է հայտնել կամ ինչ-որ մեկին քննադատել է:

Պատասխանը մեկն է՝ Էրդողանի ընդլայնվող բռնապետությունը Թուրքիան փակուղի է տանում, այժմ բեյսբոլի մականներն ու պատժիչ խմբերն են սահմանում այդ ուղին: