Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Բրյուսելից մեկնել է Պեկին,   այստեղ նա ժամանել է աշխատանքային այցով։ Օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբով։

Դիմավորման արարողությունից հետո հայկական պատվիրակությունը ուղեւորվել է Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների պալատ, որտեղ մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին:

Այնուհետեւ Հայաստանի վարչապետը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը՝ հայտարարել է Սի Ծինփինը: Վաղը առավոտյան վարչապետ Փաշինյանը կմասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը եւ հանդես կգա ելույթով։

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարճ զրուցել են։ Վարչապետի խոսնակը հայտնել է, որ  Փաշինյանն  ու Ալիեւը նստած են եղել նույն սեղանի շուրջ եւ մտքեր են փոխանակել առաջնագծում ստեղծված իրավիճակի մասին։ 

Դատարանն այսօր շարունակեց քննել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործը։ Դատարանի բակում դարձյալ մարդաշատ էր, այս անգամ միաժամանակ երկու ցույց էր ընթանում՝ Քոչարյանին կողմ ու դեմ մարդիկ կանգնել էին փողոցի երկու մայթերին, նրանց միջեւ՝ մեծ թվով ոստիկաններ։ Երկու թեւերից տասական մարդու թույլ տրվեց մտնել դատարանի դահլիճ, ընդ որում, քանի Քոչարյանի աջակիցները հավաքվել էին դատարանի մուտքի առաջ, ոստիկանների ուղեկցույթամբ հակառակ ճամբարի տասնյակը դատարան մտավ ետնամուտքից։ 

Ինքնաբացարկի միջնորդությունը, որ երեկ ներկայացրել էին Քոչարյանի պաշտպանները, դատավորը մերժեց։ Քոչարյանի պաշտպանններն այլ միջնորդություն ներկայացրին՝ հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին եւ երեք անդամի։ Առանց այդ  ցուցմունքների, պաշտպանական կողմի համոզմամբ, մեղադրանք լինել չի կարող, մինդեռ քրեական գործում անորոշ նշված է, որ նրանց վրա ճնշումներ են եղել։ Նույնը պնդեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

Դատարանը մերժեց նաեւ այս միջնորդությունը եւ սկսեց քննել Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար. դիմումը ներկայացվեց դատարանին ։ Արցախի երկու նախագահները կներկայանան դատարան, նրանց պատասխանը փոխանցեց փաստաբան Ալումյանը։ Աշխատանքային օրն ավարտվեց, դատական նիստը կշարունակվի վաղը։

Այսօր ժամը 14:18-ին ահազանգ է եղել, որ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասնաշենքում տեղակայված են 7 նախարարություններ։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ, նաեւ կինոլոգիական ծառայության մեկ մեքենա և ԱԻՆ հոգեբանական ծառայության մեքենա: Շենքի աշխատակիցները տարհանվել են։ Շուտով պարզվել է, որ ահազանգը կեղծ էր։ Մարդիկ վերադարձել են շենք ։ Արդեն երեկոյան ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են ահազանգի հեղինակին։ Ահազանգը կատարվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող անձից, որը մեղադրվում է ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար։ Նրա խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս։ Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքով նյութեր են նախապատրաստվում

Մայիսի 14-ի առավոտյան 87 տարեկանում մահացել է հայ պարարվեստի հայտնի գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը: Նա ղեկավարել է «Կանազ» ժողովրդական պարի համույթը, «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի»:

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 480 դրամ, եվրոն 540 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 622, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 36 դրամ:

Մայիսի 15-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +28+30: