Մեքսիկայի հանգստավայրային քաղաք Պլայա դել Կարմեն քաղաքի բարի վրա զինված հանցագործների հարձակման հետեւանքով մեկ մարդ մահացել է, առնվազն 11-ը վիրավորվել, հայտնել է Կինտանա Ռոո նահանգի գլխավոր դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իշխանությունների տեղեկություններով՝ հարձակումն իրագործել են երկու ավազակ, որոնք հաստատության կողքից անցնելիս ատրճանակներից կրակել են հաճախորդների վրա: Հարձակումը կատարվել է գիշերը, երբ բարում մեծ թվով մարդիկ կային:

Անմիջապես հրաձգության վայր են ժամանել ոստիկանները, բանակային ստորաբաժանումներ եւ ծովային հետեւակը, վիրավորներին օգնություն են ցույց տվել, հարձակման վայրում սկսել են աշխատել փորձագետները:

Քաղաքում վերջին նման աղմկահարույց հանցագործությունը կատարվել էր այս տարվա հունվարի սկզբին, երբ անհայտ անձինք մտել էին մեկ այլ բար եւ հաճախորդներին գնդակահարել: Այդ ժամանակ սպանվել էր 8 մարդ: Փետրվարին 5 մարդ սպանվել էր Կանկունից ոչ հեռու գտնվող բարում:

Վերջին շրջանում հանցավորության տեսակետից նախկինում գրեթե անվտանգ համարվող Կանկունը եւ Պլայան դարձել են միմյանց հետ մրցակցող թմրավաճառների խմբավորումների բազմաթիվ արյունահեղ պարզաբանումների ասպարեզ: Բախումները տեղի են ունենում հիմնականում քաղաքի զբոսաշրջային գոտիներից դուրս: