Սաուդյան Արաբիայում նավթային խողովակաշարի վրա անօդաչուների հարձակումն ուղղված է ոչ միայն այս երկրի դեմ, այլ նաեւ համաշխարհային տնտեսության, սաուդյան SPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշված է թագավորության կառավարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Հալիդ ալ Ֆալիխը հայտնել էր, որ երկրի արեւելքում նավթային հանքավայրերից արեւմտյան ափի նավահանգիստ ձգվող նավթատարը հարձակման է ենթարկվել պայթուցիկով լցոնված անօդաչուներով, ինչի հետեւանքով վնասվել են երկու պոմպակայաններ, նավթի մատակարարումը նավթատար դադարեցվել է: Եմենյան «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) նավթատարի վրա հարձակումից հետո թագավորությանը սպառնացել է առանցքային օբյեկտների վրա նոր հարձակումներով:

Երկրի կառավարությունը հայտարարել է, որ նավթատարների դեմ «վանդալիզմի ահաբեկչական գործողությունները» ուղղված են ոչ միայն թագավորության, այլեւ էներգետիկ պաշարների մատակարարումների անվտանգության եւ համաշխարհային տնտեսության դեմ:

2015 թվականից Սաուդյան Արաբիան արաբական կոալիցիայի գլխավորությամբ Եմենում ռազմական գործողություններին մասնակցում է երկրի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի կողմում՝ ընդդեմ հուսի խռովարարների, որոնք խլել են երկրի իշխանությունը: Չնայած հյուսիսային Եմենի մշտական ծավալուն ռմբակոծություններին, Հադիի կողմում կռվող զորքերին այդպես էլ չի հաջողվում հիմնական քաղաքներից, մասնավորապես մայրաքաղաք Սանայից դուրս մղել հուսիներին: Ի պատասխան Եմենի տարածքի գնդակոծությունների՝ խռովարարները շարունակում են հրթիռներ եւ պայթուցիկով անօդաչուներ արձակել Սաուդյան Արաբիայի տարածքի վրա, նրանց մշտական թիրախում են Եմենին սահմանակից Սաուդյան Արաբիայի շրջանները: