Պարենամթերքի գլոբալ դեֆիցիտը եւ ավելի սննդարար ու էկոլոգիական մթերքների որոնումները սպառողներին եւ գիտնականներին ստիպում են դիմել սնունդի ոչ ավանդական աղբյուրների, որոնցից ամենախոստումնալիցը ուտելի միջատներն են: ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության առաջատար փորձագետներից Ջուլյա Մուիրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ավելի քան 2 մլրդ մարդու համար միջատներից պատրաստված կերակուրը «նորություն չէ, այլ սովորական պրակտիկա»:

«Աշխարհում հիմա, եթե ոչ շարժում, ապա որոշակի հետաքրքրություն է նկատվում հատկապես այն հարցում, որն առնչվում է ոչ միայն սննդարար, այլ նաեւ էկոլոգիապես մաքում սննդի որոնմանը… Միջատների սննդային արժեքավորությունը կախված է նրանց տեսակից, աճի փուլից եւ բնակության վայրից. բայց դրանք ընդհանրապես սպիտակուցների մեծ քանակություն են պարունակում, որը կարելի է համեմատել ձկան հետ, հագեցած ճարպաթթուներ, որոնք անչափ օգտակար են թերսնմամբ տառապող երեխաներին, ինչպես նաեւ բջջանյութ, ֆոսֆոր, մագնիում եւ ցինկ»,- հայտարարել է Մուիրը:

Թուրինի մերձակայքում մի քանի տարի ծղրիդներ աճեցնող հաստատության տնօրենի խոսքով՝ «սպառման վիճակագրությունը վկայում է, որ 2050 թվականին, եթե չգտնենք սպիտակուցի այլ աղբյուր, այն աշխարհում բոլորին չի բավականացնի»: Նրա խոսքով՝ ծղրիդների սննդարար արժեքավորության գաղտնիքը առաջին հերթին սպիտակուցի մեծ պարունակությունն է: Դրանից բացի, ծղրիդները 2 հազար անգամ ավելի քիչ ջուր են օգտագործում, քան ցուլերը եւ կովերը, եւ գրեթե 6 անգամ ավելի պակաս կեր են պահանջում՝ կիլոգրամով հաշվարկած:

«Բնության մեջ ոչ մի բան չկա, որ չոր վիճակում պարունակի 60-70 տոկոս պրոտեին: Սպիտակուցի մեկ կիլոգրամի արտադրությունը, որը ստացվում է միջատներից, կենդանական ծագման սպիտակուցի համեմատությամբ հանգեցնում է ածխաթթու գազի 1 տոկոս մթնոլորտային արտանետման»,- հայտարարել է Italian Cricket Farm-ի ղեկավար Իվան Ալբանոն:

Ալբանոյի խոսքով՝ ծղրիդները յուրաքանչյուր մարդու սննդակարգի մեջ կարող են հայտնվել ալյուրի տեսքով, որը 9-ին մեկ հարաբերակցությամբ ավելացվում է ցանկացած թխվող արտադրանքի կամ մակարոնի խմորի մեջ: Այդպիսի ալյուրը հիշեցնում է մանրացված պիստակ, քանի որ արտադրության մեջ մասնակի բովում են: Բիզնեսմենը նաեւ վստահություն է հայտնել, որ «սնունդի արտադրության համաեվրոպական թույլտվությունը հնարավորություն կտար իտալական ծղրիդներով կերակրել ոչ միայն կենդանիներին, այլեւ մարդկանց»: