Մայիսի 15-ից Իրանը պաշտոնապես դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:

Աղբյուրի խոսքով՝ որոշումն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը. «Մի քանի օրվա ընթացքում հանրությանը կհայտնեն ձեռնարկված քայլերի մասին, մենք նաեւ կհայտարարենք Արաքի եւ Նաթանզի օբյեկտներ լրատվամիջոցների ներկայացուցիչների հասանելիության ծրագրերի մասին»:

Աղբյուրը նաեւ նշել է, որ Թեհրանը, ինչպես նախազգուշացրել է նախկինում, կարող է վերականգնել ուրանի հարստացման աշխատանքները եւ դադարեցնել Արաքում ծանր ջրով գործող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրում չկատարեն համաձայնագրի պահանջները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 8-ին հայտարարել էր ԳՀՀԾ երկու կետերով պարտավորությունների կատարման դադարեցման մասին, որոնք վերաբերում են ծանր ջրի եւ ուրանի ավելցուկը այլ երկրներին վաճառելու անհրաժեշտությանը, եթե վերջինի ծավալը 300 կգ-ից անցնում է: Թեհրանը եվրոպական մասնակիցներից պահանջում է հետեւել գործարքի պայմաններին, որոնք վերաբերում են Իրանի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ բանկային ոլորտի եւ նավթի վաճառքի ոլորտների հարցերում:

ԳՀՀԾ-ն 2015 թվականին կնքվել է մի կողմից Իրանի եւ մյուս կողմից ՄԱԿ ԱԽ մշտական անդամների ու Գերմանիայի միջեւ, սակայն 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն գործարքից դուրս է եկել: Այն, մասնավորապես, նախատեսում էր Արաքի ռեակտորի վերակառուցում՝ խաղաղ նպատակներով միջուկային հետազոտություններ անցկացնելու համար եւ ուրանի հարստացման սահմանաչափերի պահպանում մինչեւ 3,67 տոկոսից ոչ ավելի մակարդակ: Դրա դիմաց հանվում էին Թեհրանի դեմ սահմանված ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները եւ ԱՄՆ ու ԵՄ սահմանափակող միջոցները: