ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 15-ին վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում  հարուցված քրեական գործը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ, դատարանի բակում միջադեպ էր գրանցվել: Քոչարյանի աջակիցները պատռել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքի պաստառ, իսկ նրանցից մեկը, ըստ Գասպարիի ջրի շշով հարվածել է դեմքին եւ վնասվածք պատճառել: