Այսօր ժամը 9:00-ից տրվելու էր դպրոցներում առաջին դասարանցի առցանց գրանցման համար նախատեսված ծրագրի մեկնարկը: Բազմաթիվ ծնողներ, սակայն, տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով չեն կարողացել գրանցել երեխային:

Կրթության եւ գիտության նախարարությունը հարցի առնչությամբ պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետեւանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են:

Ուշադրություն, եթե Ձեր հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չեք ստացել` մի անհանգստացեք, երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք:

Պարբերաբար տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հետեւել ՀՀ ԿԳՆ էջին»: