Հայաստանում ծրագրերի իրականացման արդյունավետության հետ կապված խնդիր կա: Մայիսի 15-ին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի մեկնարկի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ՝ ծրագրերն ավելի հասցեակաան եւ հասանելի դարձնելով:

«Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք հասանելի են տարբեր խմբերի համար, սակայն զբաղվածության ոլորտում տեղեկացվածության եւ մասնակցության հետ կապված խնդիրներ ունենք», - հավելեց Բաթոյանը:

Նախարարն ընդգծեց, որ այդ ծրագիրը ապահովում է ինտեգրում, ինչը թույլ կտա լավագույն արդյունքների հասնել բոլոր ռեսուրսների ներգրավման ժամանկ:  «Երեկ ստորագրված Արժանի աշխատանք ծրագիրը նույնպես իր ավանդը կունենա «Աշխատիր, Հայաստան» ծրագրի իրականացման գործում:

Անհրաժեշտ է նաեւ աշխատանք կատարել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Կարեւոր է, որ բոլոր գործընթացները հիմնված լինեն մարդու իրավունքների սկզբունքների վրա: Այս ծրագիրը բոլորի համար ստեղծելու է պայմաններ արժանապատիվ աշխատանք գտնելու եւ արժանապատիվ կյանք ապահովելու համար:

Կառավարությունն այս հարցում թափանցիկ քաղաքականություն է վարելու՝  հույս ունենալով, որ այս օրինակին հետեւելու են ինչպես գործատուները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները», - եզրափակեց Զարուհի Բաթոյանը: