Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվում են բողոքի ակցիաները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ իշխանության կողմնակիցների մասնակցությամբ։ Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած, որոնք հսկում են կարգուկանոնը։

Քոչարյանի աջակիցները վանկարկում են «Քոչարյան, հաղթանակ»։ Նրանք եկել են «Զանգովի արդարադատություն», «Մարտի 1-ի զոհերի պատասխանատուն Լեւոն Տեր–Պետրոսյանն է», «Ազատություն, Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով։

Իշխանությունների կողմնակիցները հայտարարում են, որ պահանջում են արդար դատաքննություն եւ համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն առաջադրված մեղադրանքներում։ «Մենք եկել ենք պաանջելու, որ արդար դատաքննություն իրականացվի եւ Քոչարյանը ցմահ դատապարտվի»,–հայտարարում են նրանք։ Նրանք եկել են «Ցմահ», «Ռոբերտ, հանցագործ» եւ այլ պաստառներով։

Ցուցարարները կրկին հավաքվել են փողոցի տարբեր կողմերում եւ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։ Նախորդ՝ մայսիսի 14–ի դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նշենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին։