Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երեւանի ամենակարեւոր աշխատասենյակներում ծնված ձեւակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս մասին իր հոդվածում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում եւ վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։

Ի՞նչն էր աչքի ընկնում՝ բարձրացված հարցի արհեստականությունը։ Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ արհեստականությունը կարող է իր մեջ չարագուշակ բան պարունակել։ Ի՞նչը հունից հանեց եւ առիթ հանդիսացավ այս ձեւակերպման հեղինակների համար։ Ֆորմալ՝ կար երեք առիթ. Վարկած 1. Սերժ Սարգսյանի ներկայությունը Արցախում։

Տեսականորեն հնարավոր է, որ սա կարող էր լինել պատճառ, որովհետեւ Սարգսյանի ներկայությունը Մայիսի 9-ի տոնակատարություններին կասկածի տակ է դնում «Նոր Հայաստանի» կոնցեպտը։ «Նոր Հայաստանը» հաճախ ընդհանրապես հաշվի չի առնում ժառանգականության սկզբունքը եւ երկիրը դիտում է ոչ թե որպես մի ամբողջություն, որն այսօր պարզապես նոր փուլ է մտել, այլ՝ որպես զրոյից սկսվող մի միավոր։ Մոռանում է, որ այսօրվա Հայաստանը կա  «Հին Հայաստանի» շահած պատերազմի շնորհիվ, ու որ «հինհայաստանյան» փուլի գործիչների մոտ, բացի քաղաքական հաշվարկներից եւ օրվա ռեյտինգներից, կարող է լինել նաեւ մարդկային գործոն՝ կարոտել զոհված ընկերներին, ներկա լինել իրենց մասնակցությամբ ձեռք բերված տոնին։ Ի վերջո, դու կարող ես համարել, որ այս կամ այն գործիչը չունի քաղաքական ներկա, գուցե նաեւ՝ ապագա, բայց չես կարող խլել նրա անցյալը։

Վարկած 2. Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի նամակը՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Հնարավոր է, որ այս քայլն էր գնահատվում որպես հակահեղափոխության դրսեւորում։ Հասկանալի է, որ սա նույնպես կոնցեպտուալ հակասության մեջ է մտնում «Նոր Հայաստանի» հետ, քանի որ պարզվում է, որ մինչեւ 2018 թվականի ապրիլն էլ Արցախը եղել է պետություն, եւ այդ  պետությունը ունեցել է ղեկավար, նախագահ։ Որ «Հին Հայաստանի» օրոք հնարավոր է եղել կասեցնել ադրբեջանական տանկերի մուտքը Ստեփանակերտ, որոնք 15-20 րոպե հեռավորության վրա են եղել։ Որ եղել են մարդիկ, որոնք կարողացել են դա կազմակերպել, որ եղել են տարիներ, երբ այդ մարդկանց զոհվելու հավանականությունը հազար անգամ ավելի մեծ է եղել, քան՝ ապրելունը։ Որ եթե չլինեին այդ մարդիկ, չլիներ համերաշխությունը եւ չլիներ հստակ աշխատող պետական համակարգը, ապա չէր լինի ոչինչ, այդ թվում՝ Արցախը եւ «Նոր Հայաստանը»։ Եթե վերանանք պահի անոմալիայից, ապա պետության համար շատ ավելի վատ կլիներ, եթե Արցախի ներկա ու նախկին նախագահները լռեին։ Դա կնշանակեր անհիշողություն պետություն եւ  անտեսվող մարդկային գործոն։ Ու շատ լավ է, որ այդպես չեղավ։ Պահը կանցնի, իսկ փաստը մնալու է։

Վարկած 3. Հայաստան-Արցախ ֆորումը

Կա տեսակետ, որ հենց սա՛  էր «հակահեղափոխության վտանգի» հիմնական գործոնը։ Որպես անմիջական մասնակից՝ ուզում եմ մի քանի   հանգամանքի վրա ավելի մանրամասն կանգ առնել։ Ի պատիվ ֆորումի կազմակերպիչների՝ այն անցավ շատ զուսպ եւ գործնական մթնոլորտում, եւ, չգրված պայմանավորվածությամբ, որեւէ ներքաղաքական թեմա չբարձրացվեց, որեւէ կուսակցական կամ ներքաղաքական շահ չշոշափվեց։ Թեման մնաց այն, ինչ ընտրվել էր՝ Արցախ-Հայաստան ինտեգրացիան տարբեր ոլորտներում, դրան խանգարող կամ օգնող քայլերը, անվտանգության բարձրացում, նոր գաղափարներ։ Ի պատիվ Արցախի ներկայացուցիչների՝ նշեմ, որ նրանք զուսպ եւ հաշվենկատ ձեւակերպումներով արեցին ամեն ինչ, որպեսզի ֆորումը մնա իր նախնական գաղափարի սահմաններում։ Ֆորումին մասնակցում էին մարդիկ՝ տարբեր քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից։ Նրանք ներկայացնում էին տեսակետներ, առաջարկներ, նույնիսկ՝ անհամաձայնություն, իսկ հաճախ՝ աշխատելու պատրաստակամություն։ Սա՛ էր կարեւորը։

Բայց հանուն անկեղծության պիտի նշեմ, որ կար հակահեղափոխության մի առանցք։ Դա ինձ անկեղծորեն մտահոգում է։ Դա իշխող ուժի  հակահեղափոխությունն էր. բոլոր մասնակիցներից միայն ու միայն «Իմ քայլի» պատգամավորներն էին, որոնք որեւէ ձայն չհանեցին, որեւէ տեսակետ կամ կարծիք չհայտնեցին։ Եթե ֆորումից մտահոգվելու առիթ կա, ապա՝ միայն  ու միայն այս փաստի համար։ Ստացվում է, որ իշխող ուժի  ներկայացուցիչներն ակտիվ են լոզունգների եւ մեղադրանքների դաշտում, բայց կոնկրետ թեմաներում, կոնկրետ աշխատանքում լուռ են, չունեն կամ չեն ներկայացնում տեսակետներ։ Սրա՛ մասին է պետք մտածել։

Իսկ իրականում ի՞նչն էր առիթ դարձել նման վտանգավոր ձեւակերպման համար։ Այստեղ եւս կարող է լինել մի քանի վարկած.

Ա. գուցե հայաստանյան իշխանությունը բավարար լրջությամբ չի՞ մոտենում սեփական հայտարարություններին, եւ դրանց վերաբերվում է, ինչպես ֆեյսբուքյան հերթական ստատուսի՞ 

Բ. գուցե ներկա իշխանությունը վստա՞հ չէ իր ուժերի վրա՝ երկրում ճիշտ տնտեսական, պետական կառավարում իրականացնելու առումով, եւ ցանկանում է շեղե՞լ հանրության ուշադրությունը հերթական հեղափոխական ոգեւորությամբ

Գ. գուցե ուժի ցուցադրո՞ւմ է պարզապես տեղի ունեցել՝ Արցախում քաղաքական ընտրություններին ընդառաջ սեփական դերի ընդգծման եւ հայաստանյան իշխանություններին առավել լոյալ թեկնածուի առաջքաշման նպատակով

Դ. գուցե Արցախի հարցի շուրջ զարգացումնե՞ր կան, որոնց մասին իշխանությունը պատրաստ չէ առայժմ հանրությանը եւ Արցախի իշխանություններին տեղյակ պահել, եւ ցանկանում է նման էքսցենտրիկ ձեւով  ֆոն ապահովել իր՝ որեւէ հետագա որոշման կամ գործողության-անգործության շուրջ

Ե. գուցե բոլորովին այլ՝ անձնական մոտիվացիա ունեցող տարբերակ

Հակառակ պարագայում՝ ամենասկզբում նշված երեք ֆորմալ վարկածներից որեւէ մեկը չուներ իր մեջ բավարար ներուժ՝ իշխանության կողմից նման վտանգավոր հայտարարություն գեներացնելու համար։

Հիմա՝ ամենակարեւորի մասին

Արցախում հակահեղափոխության կամ հեղափոխության սպառնալիքին, որը հնչում է Երեւանից, մի պահ նայեք Ադրբեջանի հայացքով։ Նրանց գեներալների, հետախուզության եւ պատերազմի որոշում կայացնող քաղաքական վերնախավի աչքերով։ Գոնե սա կարո՞ղ է լրջացնել։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հին ու Նոր Ադրբեջան չկա։ Եվ Երեւանի ամենակարեւոր սենյակներից հնչող սպառնալիքը Արցախի բնականոն կյանքի հանդեպ կամ որեւէ բաժանում «մենք» ու «նրանք»-ի, թշնամու աշխատասենյակներում վերծանվում է որպես մեր ներքին անկայունության, ապակառավարելիության միտում։ Իսկ դա պատերազմ սկսելու ամենահարմար միջավայրն է։ 

Եվս մեկ ամենակարեւորի մասին

Մի տոնայնություն է հայտնվել, թե Արցախի իշխանությունները, զինվորական վերնախավը, հերոսները եւ այլոք հրապարակային խոսքի իրավունք չունեն։ Սա մի մեծ սխալ պատկերացման արդյունք է, որը ձեւավորվել է Հայաստանյան որոշ շրջանակներում եւ բոմոնդի մեջ։ Ընդ որում՝ վաղուց։ Իսկապես, Երեւանում կա մի պատկերացում, թե դիրքերը շատ հեռու են բարեկեցիկ երեւանյան սրճարաններից ու աշխատասենյակներից, որ պատերազմի դեպքում հակառակորդը ՄԱԿ-ի քարտեզը ձեռքին է հարձակվելու, կամ պոլոնեզը միայն դեպի Արցախ է թռչում։

Մեր բոլորի մեղավորությունն է, որ Հին ու Նոր Հայաստանի բոլոր շրջանակները եւ գործիչները չեն հասկացել, որ այսօր Արցախը ապահովում է Հայաստանի խաղաղ կյանքը. 150 հազարանոց Արցախը՝ 10 մլն ժողովրդի գոյության իրավունքը։ Հյուսիսային պողոտայի, Հրապարակի, սոցցանցերի, լայվերի, ԱԺ-ի եւ մյուս բոլորի եւ ամեն ինչի խաղաղությունն ապահովվում է Արցախում։ Վախեցեք բաժանումներ մտցնել, հրաժարվեք բաժանումներ մտցնելուց։ Համերաշխության ու սիրո հեղափոխությունից հասել ենք այսօր մի փուլի, երբ վտանգավոր, արհեստական ձեւակերպումների քանակը մենք կյանքում արդեն օրակարգ է դառնում։ Բոլորով պետք է դրանց դեմն առնենք։ Ո՛ր կողմից էլ դրանք հնչեն։ Իշխանությունը պիտի ամեն դեպքում գիտակցի, որ ներհասարակական լարվածության մեղավորը՝ անկախ ամեն ինչից ու բոլոր թվացյալ արդարացումներից, մնալու է ի՛նքը։ Ու շատ կարեւոր է չլռելը։ Ներսից՝ յուրայինների միջից էլ պետք է ասվի, որ այդպես չի կարելի, դրսից էլ, ուժայիններից էլ, ԵԿՄ-ից էլ, մտավորականությունից էլ...։ Գոնե ամենակարեւոր եւ ամենավտանգավոր հարցերի մասին կարող ենք չլռել։

Հ. Գ.

Իրանը այսօր կես քայլ է պատերազմից հեռու։ Մի պատերազմ, որը կարող է կատաստրոֆիկ հետեւանքներ ունենալ մեզ համար։ Այն Իրանը, որի հետ կենսական սահման ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Ադրբեջանն արդեն չարագուշակ ակնարկում  է այդ մասին՝ արտգործնախարարի մակարդակով։ Այս պայմաններում հնչեցնել Արցախում հեղափոխության կամ այլ անկայունության սպառնալիքներ՝ ուղղակի ապշեցնող է։