Վրաստանի մուսուլմանների վարչության նախագահ Ռամին Իգիդովը օրերս հայտարարել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության առաջացման եւ իրադրության սրման համար մեղավորը «երրորդ ուժերն» են: Նշվել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, եւ այս պայմաններում երրորդ ուժերը որոշ հակասություններ են ստեղծում Դավիթ Գարեջա վանքային համալիրի շուրջ: Նա հավելել է, որ որոշակի քաղաքական եւ կրոնական առաջնորդներ երկրի մուսուլմաններին ուղղված վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս:

Ակնհայտ է, որ Ռ. Իգիդովի ասածները Բաքվից են համակարգվում, սակայն դրանք պարզամիտ են եւ լղոզված: Մասնավորապես՝ պարզ չէ, թե ովքե՞ր են այդ «երրորդ ուժերը» եւ արդյոք ադրբեջանական իշխանությունների կողմից Դավիթ Գարեջա վանքային համալիր վրացի հավատացյալների հասանելիությունը փակելու հետ կապված միջադեպը ա՞յդ ուժերն էին սադրել: Ստացվում է, որ Ադրբեջանն ընդառաջ է գնացել ինչ-որ «երրորդ ուժերի», որպեսզի գրավի՞ համալիրը: Դժվար է հավատալ դրանց գոյությանը եւ այն բանին, որ նրանք կարող են մի ամբողջ պետության դրդել կատարել զավթողական գործողություններ: Ըստ էության, ձախողակ Ռ. Իգիդովը ստվեր է գցում սեփական երկրի ղեկավարության վրա:

Այս ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Մշակույթի կապ - Վրաստանի եւ Եվրոպայի ստեղծագործական ապագայի զարգացում» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ երբ խոսքը վերաբերում է պաշարներին, Վրաստանը գազ եւ նավթ չունի, բայց մշակույթ ունի: Վերջին շրջանում վրաց-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Ս. Զուրաբիշվիլիի այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Բաքվին ակնարկ, որ չնայած Ադրբեջանը էներգակիրներ ունի, սակայն չունի մշակույթ կամ, համենայնդեպս, մշակույթի կրող չէ՝ այս բառի ամենաուղղակի իմաստով: Իրականում մշակութային ժառանգություն չունեցող եկվոր քոչվոր թյուրք ցեղերին հարմար առիթ է ներկայացել զավթելու այլ ժողովրդի ճարտարապետական ժառանգությունը՝ դրանով հավակնելով բազմադարյա պատմության առկայության:

Րաֆֆի Սամվելյան