Դատաքիմիական հետազոտությունը չի հաստատել, որ լրագրող Սերգեյ Դորենկոն կարող էր թունավորված լինել։ Այս մասին ՌԲԿ-ին տեղեկացրել է աղբյուրը դատաբժշկական փորձաքննության գրասենյակում։

Այն մասին, որ փորձաքննությունը լրագրող Սերգեյ Դորենկոյի արյան մեջ արգելված նյութերի կամ թույների որեւէ հետք չի գտել, տեղեկացնում է նաեւ Telegram-կանալ BAZA-ն։

«Հենց որ այդ թուղթը ստանանք պաշտոնապես, մենք անմիջապես այդ մասին կտեղեկացնենք, առայժմ այդ թուղթը չկա։ Ես չգիտեմ՝ ունի՞ արդյոք այն Յուլյա (Դորենկոն)»,- ՌԲԿ-ին տեղեկացրել է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը։

Ավելի ուշ «Խոսում է Մոսկվան» կայքում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Դորենկոյի արյան մեջ թունավորման հետքերի բացակայության մասին տեղեկատվության պաշտոնական հաստատումը կհրապարակվի Մոսկվայի ժամանակով 13.00-ից հետո։ «Այս պահին անհրաժեշտ փաստաթղթերը դեռ պատրաստ չեն»,- ընդգծվում է հաղորդագրությունում։

Սերգեյ Դորենկոյի կինը՝ Յուլյան, հրաժարվել է ՌԲԿ-ին մեկնաբանություններ տալ, կապվել դստեր՝ Եկատերինայի հետ հրապարակման պահին ՌԲԿ-ին չէր հաջողվել։

Լրագրող Սերգեյ Դորենկոն մայիսի 9-ին մահացել էր Մոսկվայի կենտրոնում՝ մոտոցիկլով հարվածվելով փողոցի պատնեշին։ Նա 59 տարեկան էր։ Վերջին տարիներին ղեկավարում էր «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը։

Դատաբժշկական փորձագետները եկել են այն եզրակացության, որ Դորենկոյի մահվան պատճառը աորտայի խզումն է եղել, բայց նրա դուստրը՝ Եկատերինան, ոստիկանություն հայտարարություն է գրել՝ պահանջելով կրկնակի ստուգել հոր մահվան պատճառները։ Նա եւ Դորենկոյի մյուս աղջիկն առաջին ամուսնությունից կարծում են, որ Սերգեյ Դորենկոն կարող էր թունավորված լինել։

Դորենկոյի դստեր հայտարարության պատճառով չեղարկվել էր լրագրողի հետ հրաժեշտի արարողությունը, որը նշանակված էր մայիսի 12-ին։ Ավելի ուշ աղջիկը ներողություն է խնդրել դրա համար՝ նշելով, որ չի կարող ազդել քննչական գործողությունների վրա։