Պետությունը պետք է ապահովի կրթությունից մինչեւ աշխատաշուկա համակարգի նորմալ գործունեություն։ Այս մասին մայիսի 15-ին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի մեկնարկի շրջանակում ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ապահովեն կապ կրթության, գիտության, տեխնոլոգիաների եւ աշխատաշուկայի միջեւ, որն, իր հերթին, պահանջներ կներկայացնի գիտությանը։ «Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի ապահովենք այս համակարգի նորմալ գործունեությունը եւ լուծենք խնդիրները, որոնք կարող են ծագել դրա առանձին տարրերում։ Պետք է աշխատել որակյալ կադրերի եւ մրցունակ աշխատաշուկայի ձեւավորման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի այն խնդիրների լուծումը, որոնք կապված են ծառայությունների մատուցման մակարդակի, աշխատանքի արտադրողականության բարձրացման եւ ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործման հետ։ «Աշխատիր, Հայաստան» նախաձեռնությունն ուղղված է հենց այն հարցերի շուրջ երկխոսություն վարելուն, որոնք կարող են նպաստել այս խնդիրների լուծմանը»,- ամփոփել է նա։