Չեմ հասկանում՝ ինչի՞ համար են եկել, ի՞նչ պաստառներ են պահել, իհարկե, հարցեր են առաջացնում, բայց իրենց իրավունքն է, թող անեն։ Այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը հարցին, թե ինչպես է գնահատում իշխանության կողմնակիցների ցույցին դատարանի բակում։

Քննադատություններին, որ Քոչարյանի աջակիցները գումարի դիմաց են բողոքի ցույց անում, Լեւոն Քոչարյանը արձագանքեց. «Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին, ինձ թվում է՝ իրենց մոտ նույն սկզբունքն է գործում»։

Դիտարկմանը, թե հատկապես սոցիալական ցանցերում հակառակ պնդումներ են արվում նրա հարստության վերաբերյալ, Լեւոն Քոչարյանը նշեց․ «Ինչ էլ ասեմ, հակափաստարկներ են բերելու, փորձում են ինչ-որ խոսք քաշել, դրանից սարքել ինչ-որ բան։ Ես ասել եմ՝ ինչ-որ բաներ ունենք, եթե դա ակտիվ է, հաշվես, միգուցե այդ գումարը գերազանցի կամ ոչ, բայց ասել, որ մեր հաշիվներին միլիոններ կան, դա ուղղակի սուտ է»։

Հարցին՝ Մարտի 1-ի զոհերից  Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն է եղել եւ ցանկանում է հանդիպել իր հետ, ինքը պատրա՞ստ է հանդիպել, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ հանդիպել, իհարկե պատրաստ եմ, բայց եկեք այս ամենից շոու չսարքենք, էդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ–որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են քաղել ու հիմա էլ նույնն են շարունակում անել»։

«Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հարցին՝ ո՞վ է շահարկում, նա ասաց. «Ձեր թերթի նախկին խմբագիրը»,–ակնարկելով Նիկոլ Փաշինյանին։

Ռոբերտ Քոչարյանի որդին ուրախ է, որ դատավարությունը բաց է, պնդում է հանրությունը կարող է տեսնել, թե ինչ միակողմանի քննություն է տարվել. «Մի տարի է անցել, ինչ–որ մեղադրանք տեսել եք սպանությունների հետ կապված,  երեկ էլ լսել եք, թե ինչպես է քննությունը տարվել, երբ ՍԴ միայն երկու դատավորի ցուցմունք են վերցնում, նրանք չեն հաստատում, մնացածից նույնիսկ ցուցմունք չեն վերցնում, բայց մեղադրանքի մեջ թողում, 13 հոգուց միայն մեկն է իրենց ուզածն ասում, մնացածը հակառակն է ասում, միայն մեկի ցուցմունքն են դատարան բերում, այսինքն՝ էլ ի՞նչ է պետք, ես շատ ուրախ եմ, որ այս ամենը մենք կարողանում ենք բաց դատավարությամբ լսել։ Թող բոլորը տեսնեն ու առաջին հերթին զոհերի հարազատները պետք է հասկանան, թե ինչի պետք է երկրի նախագահը ուզենա մարդ սպանի, դա նոնսենս է»։

Լեւոն Քոչարյանը չի կարծում, թե Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությունը միջամտություն է ՀՀ ներքին գործերին. «Իհարկե, միջամտություն չէ, իսկ նրանք, որոնք փորձում են որակել որպես այլ պետության կողմից միջամտություն, կեղտոտ խաղեր են խաղում։ Իսկ ինչի՞ պետք է չանեն, իրենց մարտռական ընկերն է՝ պետք է ձեռքները ծալած նստե՞ն»։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով նախնական դատական նիստը։ Նախորդ՝ մայսիսի 14–ի դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նշենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին։