Հայաստանում կոնտրաֆակտային  գինու արտադրությունը կտրուկ նվազել է: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավակ Հարությունյանը:

Փորձագետը մասնավորապես նշեց, որ 2018-ի ապրիլ-մայիսից հետո ուժեղացել է հարկային ծառայության վերահսկողությունը, այդ թվում ալկոհոլի շրջանառության նկատմամբ: Այդ պատճառով կտրուկ նվազել է կոնտրաֆակտային  գինու արտադրությունը, որը պատրաստվում է սովորական ցորենի սպիրտից:

«Հետեւաբար, գինեգործներն այժմ պարզապես այլ տարբերակ չունեն, քան  տեղական խաղող գնել: Դրա շնորհիվ աճել է պահանջարկը, նշանակում է նաեւ գները: Բացի այդ, վերջին տարում հանրապետությունում միանգամից հայտնվել են մի քանի նոր գինու գործարաններ: Այսինքն, պահանջարկն ավելի է աճել», - բացատրեց Հայաստանի գինեգործների միության նախագահը:

Միեւնույն ժամանակ, նա ասաց, որ մեծացել է  ալկոհոլի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, եւ ստվերից շատ ապրանքներ են դուրս եկել, ինչը, ըստ Հարությունյանի, նույնպես դրական փոփոխություն է:

Այսպիսով, ըստ նրա, այս տարի կարելի է նաեւ խաղողի գների բարձրացում ակնկալել միջինում 15-20 տոկոսով: «Դրա հետ մեկտեղ բարձրացել են նաեւ  գինու գները: Միջինում գինին Հայաստանից արտահանվում է մեկ շշի համար  3.2 -  3.3 դոլարով: Խոսքը 0.75 լիտրի մասին է: Այս գինը կարող է 10-15 տոկոսով աճել», - ընդգծեց փորձագետը: