ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր՝ մայսի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս փորձեց հատվածներ մեջբերել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն առարկեց ցուցմունքի հրապարակման կապակցությամբ, ինչը սակայն դատավորը մերժեց։ Այնուհետև դատախազը միջնորդեց մասնակի դռնփակ կարգով անցկացնել դատական նիստը և այդ հատվածը հրապարակել դռնփակ նիստի պայմաններում։ Դատարանը այս պահին դռնփակ կարգով քննում է դատախազի բարձրացրած հարցը։ Դատարանի որոշմամբ լրագրողները և դահլիճում ներկա գտնվող մյուս անձինք դուրս եկան նիստերի դահլիճից։

 Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը։ Ըստ Քոչարյանի պաշտապնների՝ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է հենց Արշակ Կարապետյանի ցուցմունքը։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է դատարանը քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը դատավորը պետք է  մեղադրյալի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի։