Ֆիրդուսի թաղամասում մեծածավալ աշխատանքները դեռեւս չեն մեկնարկում, քանի որ այնտեղ դեռ չիրացված հողատարածքների խնդիրներ կան: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` անդրադառնալով հարցին, թե ի վերջո ե՞րբ կիրականացվեն մեծածավալ աշխատանքները:

Նրա խոսքով, բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծված են: «Ուղղակի  հողատարածքների խնդիր կա, որ վերջանական լուծված չէ, այնտեղ բաժանված է լոտերի, որոշ լոտեր արդեն ունեն կառուցապատողներ, որոշների համար դեռ չկան: Մի բան կարող եմ ասել, որ ճիշտ եք՝ շատ երկար տեւեց, բայց քանի որ շատ-շատ քանակի մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, շատ քանակի մարդկանց համար պետք է բախտորոշիչ որոշումներ կայացվեն, դրա համար հարցը մի քիչ հետաձգեց ժամկետները»,-ասաց նա:

Քաղաքապետարանի մեկ այլ ներկայացուցիչ էլ նշեց, որ 18 լոտի էր բաժանված Ֆիրդուսի թաղամասը, եւ հիմնական կենտրոնական լոտերի 80 տոկոսը ձեռք է բերվել, եւ հողամասերը գրեթե իրացված են, ու  ծրագիրը հավանության է արժանացել:

«Լրիվ հողամասերը ձեռք բերելուց հետո կդիմենք նախագծման թույլտվություն ստանալու համար, եւ որից հետո արդեն կհաստատվի նախագիծը: Կարծում եմ՝ լոկալ, կենտրոնական հատվածի համար միգուցե սկսվի շինարարական աշխատանքը»,-ասաց նա: