Վարդգես Գասպարիին քիչ առաջ  թույլատրեցին մտնել Երեւանի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի շենք, որտեղ երրորդ օրն է քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել կամ չլինելու հարցը։

Նշենք, որ երեք օր է Գասպարին փորձում էր մտնել ներս եւ հետեւել դատավորությանը, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս նրան։

Հարցին, թե ի՞նչ պատճառով իրեն թույլ չէին տալիս մտնել շենք, Գասպարին պատասխանեց, որ ոստիկանների խոսքով՝ իրենք չէին կարող ապահովել իր անվտնագությունը: Գասպարին դատարանի շենք մտավ ոստիկանների ուղեկցությամբ: Լրագրողների հետ զրույցում Գասպարին ասաց, որ կարեւորում է Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտումը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով առաջին նախնական նիստին միջադեպ էր տեղի ունեցել Վարդգես Գասպարիի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջեւ։ 62-ամյա Գասպարին ոստիկանությունում բացատրություն էր տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ եւ ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:  ԴԵպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խուլիգանության հատկանիշներով: