Հասկանում եմ, որ Ղարաբաղում մեկնարկել է նախընտրական շրջանը, բայց ես կառաջարկեի, որպեսզի մեր գործընկերները չշտապեն եւ իրադարձություններից առաջ չընկնեն։ Այս մասին, ամփոփելով Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի  աշխատանքի արդյունքները, Երեւանում, մայիսի 15-ին Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունը։

«Ընդհանուր առմամբ, այս եւ Վիտալի Բալասանյանի մյուս հայտարարությունների առնչությամբ ես կոչ կանեի, որպեսզի տեսախցիկների առջեւ արված հայտարարությունները համապատասխանեին այն հավաստիացումներին, որոնք տրվել են առանց դրանց։ Թերեւս, այս է ամբողջը։ Թույլ տվեք խուսափել գայթակղությունից»,- ասել է Միրզոյանը՝ ավելացնելով, որ չի ցանկանում խորանալ թեմայի մեջ։

Ավելի վաղ ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ շատ ավելի լավ կլիներ, եթե Ղարաբաղի նախագահների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին բավարարվեր։