Հայկական եւ ղարաբաղյան կողմերի միջեւ ոչ մի հակասություն եւ որեւէ լարվածություն չկա: Մայիսի 15-ին Երեւանում ամփոփելով Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների միջեւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի արդյունքները՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ մեկնաբանելով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը:

Ղուլյանի կարծիքով՝ միանգամայն բնական է, որ կողմերի միջեւ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, սակայն դա չի կարող որեւէ կերպ արժեզրկել երկկողմ հարաբերությունները: «Կարեւոր է, որպեսզի մենք հասկանանք, որ մարդիկ կարող են անձնական կարծիք ունենալ: Սա նաեւ մեր նոր ժամանակների արդյունքն է, երբ յուրաքանչյուրը կարող է իր տեսակետն ազատ արտահայտել, բայց կան նաեւ հետեւանքներ»,- նշեց Արցախի խորհրդարանի խոսնակը:

Ավելի վաղ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ ավելի լավ կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանին ազատելու վերաբերյալ Ղարաբաղի նախագահների միջնորդությունը բավարարվեր: