Շատ հետաքրքիր վարչական լսումներ մենք ունեցանք, քննարկում ունեցանք հարցի իրավական կողմի հետ կապված։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով այսօր առավոտյան #SutNikol ակցիայի մասնակիցներից երկուսին՝ «Բլոգնյուզ»–ի խմբագիր Կոնստանտին Տեր–Նակալյանին եւ Անդրանիկ Ստեփանյանին ոստիկանության կենտրոնի բաժին հրավիրելուն։

Նրա խոսքով միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի իրենց տրամադրվեն 2018թ.–ին նույն հոդվածով պատասխանատվության ենթարկված գործերի փաստական հանգամանքերը։

«Պարզվում է, որ նույն արարքի համար 2017–ին որեէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել, 2018–ին 5 անձ է ենթարկվել պատասխանատվության, բայց արդեն երկրորդ կեսում եւ 2019թ.–ին փաստորեն պրոցես է գնում տղաների նկատմամբ, եւ արհեստական»,– ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով մարդու իրավունքների կողմից ներկայացվող նոր Հայաստանում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում այս ձեւով իրենց խոսքի ազատության արտահայտման համար։

«Մեր խնդիրն է վերանվաճել մեր քաղաքացիների իրավունքը՝ խոսքի ազատության, մասնավորապես քաղաքական խոսք արտահայտելուն, իհարկե խոսքը պետք է վերաբերի համաչափ խոսք արտահայտելուն»,– ասաց Մելիքյանը։

Տեր–Նակալայնի խոսքով իրեն եւ ակցիայի անդամներից՝ Անդրանիկ Ստեփանյանին տարբեր ժամերի են հրավիրել բաժին, բայց ներսում որոշվել է մեկ վարույթով անցկացվի։

«Որոշում չի կայացվել, քանի որ մեր փաստաբանները ներկայացրել են միջնորդություն։ Լինելու են նոր լսումներ մայիսի 30–ին, որտեղ ըստ երեւույթին կկայացվի վճիռ»,– ասաց Տեր–Նակալյանը։

Նրա խոսքով գործը կամ կկարճվի կամ իրենց կճանաչեն անմեղ, իսկ եթե ամեն դեպքում իրենց վարչական պատասխանատվության ենթարկեն, կդիմեն եվրոպական դատարան։

«Եթե ուզում են, որ #SutNikol հեշթեգը հայտնվի եվրոպական դատարանում, թող կիրառեն վարչական վարույթ»,– ասաց Տեր–Նակալյանը։