Հայաստանի հանդեպ ԱՄՆ հետաքրքրությունը կայանում է ինքնիշխան ժողովրդավարական ազգի զարգացման աջակցության մեջ եւ սա Հայաստանում իմ առաքելության առաջնահերթությունն է: Մայիսի 15-ին այս մասին ասաց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ներկայացնելով առաջնահերթությունները:

Նա հիշեցրեց, որ  վերջին 27 տարիների ընթացքում՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատումից հետո, ԱՄՆ-ն աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին եւ ինստիտուտներին:

«Հայաստանում ժողովրդավարությունն ուժեղ է, քան երբեւէ: Հենց Հայաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց, ոտքի կանգնեց եւ պաշտպանեց ժողովրդավարական երկրում ապրելու իրավունքը, որտեղ կառավարությունը, բիզնեսը եւ հասարակությունը պետք է միավորվեն՝ ազատ, արդար եւ թափանցիկ մթնոլորտ ձեւավորելու համար՝ բոլորիս համար բարգավաճ ապագա կառուցելու նպատակով», - ասաց դեսպանը:

Թրեյսին նշեց,  որ հպարտ է նրանով, որ Միացյալ Նահանգները առաջին օտարերկրյա պետությունն էր, որը անցյալ տարվա գարնան իրադարձություններից հետո աջակցեց ընտրությունների անցկացմանը: «Անցյալ  տարվա դեկտեմբերին հայ ժողովուրդն օգտվեց ազատ եւ արդար ընտրություններում քվեարկելու իրավունքից», - հավելեց նա:

Դեսպան Թրեյսին նշեց, որ ոգեշնչված է կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության զարգացմանն ուղղված կառավարության ջանքերով, ինչն իր խոսքով, ազդանշան է միջազգային հանրության համար, եւ որ Հայաստանը երկիր է, որը հարգում է օրենքի գերակայությունը եւ բաց է բիզնեսի համար: