Կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը երկրի համար ներդրումներ ներգրավելու միակ միջոցը չէ: Մայիսի 15-ին այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով  Հայաստանի հետ նման համաձայնագիր ստորագրելու հնարավորության մասին հարցին:

Թրեյսին նշեց, որ այս հարցը բարձրացրել է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում: Բացի այդ, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունը ակտիվորեն զբաղվում է պայմանագրի կնքման հնարավորությամբ: Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ում պայմանագրերի կնքման գործընթացը պարզ չէ եւ շատ ինտենսիվ է:

«Կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում ես տեսնում եմ այլ տեսակի նորմատիվ ակտերի մշակման ուղիների որոնման կամ բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման կարեւորությունը», - ընդգծեց դեսպանը:

Նրա խոսքով, եթե անգաամ պայմանագիրը հաջող լինի, շատ ժամանակ կպահանջվի եւ «մենք պետք է քննարկենք, թե էլ ինչ կարելի է անել, որպեսզի ձեռնարկությունները որքան հնարավոր է քիչ խոչընդոտներ ունենան»: