Եթե ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել երկխոսությունը, ապա մենք բաց ենք բանակցությունների համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե ամերիկյան կողմը նման հատուկ ռեժիմով պատրաստ է շարունակել շփումները, ապա մենք բաց ենք ցանկացած վայրում, այդ թվում՝ Վիեննայում, բանակցություններ սկսելու համար»,- ասել է նա Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է սկսեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի երկարաձգման մասին բանակցոթյունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2021 թվականին ավարտվում է այդ ոլորտում մեր պայմանագիրը: Մենք պետք է մտածենք՝ երկարաձգելո՞ւ ենք, թե՝ ոչ: Եթե երկարաձգենք, լայնամասշտաբ բանակցություններ պետք է սկսենք»,- ասել է ՌԴ նախագահը:

Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին, Պուտինն ասել է, որ այն կարող է տեղի ունենալ հունիսին Օսակայում Քսանյակի խմբի գագաթնաժողովի շրջանակում: