ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի համար նպատակահարմար կլինի հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այնուամենայնիվ, մեր գործընկերներն անհրաժեշտ համարեցին դուրս գալ այդ համաձայնագրից: Մենք ցավում ենք դրա համար: Ես իրանցի մեր գործընկերներին բազմիցս ասել եմ, որ Իրանի համար նպատակահարմար կլինի անկախ ամեն ինչից մնալ այդ համաձայնագրում»,- ասել է Պուտինը ռուս-ավստրիական բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ եթե Իրանը հայտարարի միջուկային գործարքից դուրս գալու մասին, բոլոր կմոռանան, որ այդ մասին առաջինը հայտարարել է ԱՄՆ-ը:  

«Ոչ դիվանագիտական մի բան կասեմ, որը կարող է տհաճ լինել եվրոպացի մեր ընկերներին. ամերիկացիները դուրս եկան, եւ պայմանագիրը ոչնչացվում է, եվրոպական երկրներն այն փրկելու համար ոչինչ չեն կարող անել: Սակայն եթե Իրանը դուրս գալու առաջին քայլերն անի, մյուս օրը բոլորը կմոռանան, որ պայմանագրի ոչնչացման նախաձեռնողը Միացյալ Նահանգներն էին, եւ մեղավոր կլինի Իրանը»,- հավելել է ՌԴ նախագահը: