«0038» հույժ գաղտնի հրամանով զինված ուժերի օգտագործում նախատեսված չի եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նախնական նիստում, պաշտպանական կողմի դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Պաշտպանի խոսքով՝ Զինվորական կառավարման նոր կայազորի կազմակերպումը և բանակային ստորաբաժանումների տեղաշարժը որևէ ընդանուր բան չունեն Քոչարյանին առաջադրված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալման հետ։

«Մինչև 2008թ.-ի Մարտի 1-ն ինչ տեղաշարժ որ կատարվել է՝ զորամասերից առանձին անձնակազմի ինչ-որ ուրիշ զորամաս տեղափոխումը, զինված ուժերի օգտագործում չէ։ Մինչև Մարտի 1-ը Զինված ուժերը չեն օգտագործվել, այլ տեղափոխվել են։ Զորքի օգտագործում չի եղել։ Այն, ինչ մեղադրանքում ներկայացված է, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,- ասաց փաստաբանը։

Ալումյանը հերթական անգամ ընդգծեց՝ մեղադրանքում նշված է, որ զինված ուժերը օգտագործվել են, մինչդեռ դա վկայող որևէ փաստ չկա։

«Չի գրված՝ որտե՞ղ են օգտագործվել Զինված ուժերը, ինչպե՞ս են օգտագործվել, ո՞ր զորամասն է օգտագործվել։ Չկա։ Ուղղակի գրված է՝ օգտագործվել են»,- նկատեց նա։

Վկայակոչելով Պաշտպանության նախարարի «0038» հույժ գաղտնի հրամանը՝ Ալումյանն ասաց, որ հրամանով զինված ուժերի օգտագործում նախատեսված չի եղել։

«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ «0038» հրամանում չկա մի այնպիսի դրույթ, որով պաշտպանության նախարարը դուրս եկած լիներ իր լիազորությունների սահմաններից։ Այսինքն՝ եթե վերլուծենք, «0038» հրամանի ամեն մի դրույթում որևիցե բան չկա, որ պաշտպանության նախարարը հրամանի մեջ ընդգրկել է ու դա իր լիազորությունների մեջ օրենքով չլիներ»,- ասաց Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։