«Օրենքով գողեր» Նադիր Սալիֆովի (Լոտու Գուլի) եւ Էդիկ Ասատրյանի միջեւ «սեւ կատու» է անցել, հաղորդում է «Փրայմ քրայմը»:

Քրեական հեղինակությունները տարաձայնություններ են ունեցել՝ կապված թագից զրկված «օրենքով գող» Բեսիկ Կվինիխիձեի (առավել հայտնի որպես Բեսո Ռուստավսկի) «ռեանիմացիայի» փորձերի հետ: 

«Գողական իրավասությունները» վերադարձնելու համար Բեսիկը սկսել է լուրեր տարածել այն մասին, որ միայնակ կարողացել է «կարգուկանոն հաստատել» գաղութներից մեկում, որտեղ իրենից առաջ բանտարկյալներին սպանում եւ բռնաբարում էին: Արդյունքում մեկ այլ «օրենքով գողի» շնորհիվ Բեսիկը հնարավորություն է ստացել վերադարձնել իր կարգավիճակը, որի մասին սկսել է բոլորին հայտնել:

Նորությունները հասել են Մոսկվա, եւ գողական շրջանակներում դժգոհություններ են առաջացել: Դժգոհողներից մեկը Էդուարդ Ասատրյանն է: Գուլիի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Էդիկն ասել է, որ «գողերը» Բեսոյին հարցեր ունեն:

Կվինիխիձեի «թերությունների» մասին հիշեցումից հետո Գուլին ստիպված է եղել քննարկել Ասատրյանի թույլ կողմերը: Փորձելով չխախտել ընկերական շփման մթնոլորտը՝ Գուլին հարց է ուղղել. «Այսօր ո՞ր «գողի» դեմ հարցեր չկան: Օրինակ, Նոդար Ռուստավսկին 2 տարի բացահայտ ասում է, որ դու «աղբ» ես, եւ դու դրա մասին գիտես եւ որեւէ կերպ չես արձագանքում: Այնուամենայնիվ, քո հետ խոսում եմ ինչպես հավասարը հավասարի հետ: Կամ «լավով» լուծում ես այդ հարցը կամ չես խոսում: Ի վերջո, եթե պետք է, հանդիպում կկազմակերպեմ եւ բոլոր հարցերը կլուծենք: Ինչ վերաբերում է Բեսոյին, եթե նա իսկապես շատ բան է արել գողականների համար, ապա արժանի է, որ ձեռք մեկնենք, իսկ հարցեր կարելի է տալ հանդիպման ժամանակ»:

Ասում են՝ այդ խոսքերն այնքան են «ինքնավստահությունից զրկել» Ասատրյանին, որ նա կարողացել է պատասխանել միայն այն, որ ոչինչ չի իմացել Կվինիխիձեի «սխրանքների» մասին:

Այն բանից հետո, երբ Շաքրո Մոլոդոյը բանտարկվեց՝ իրենից հետո ժառանգորդ չթողնելով, իշխանության համար պայքարում են այդ 2 «գողերը»: Ինչպես էլ դասավորվի Բեսոյի ճակատագիրը, որի պատճառով բախվեցին Գուլիի եւ Ասատրյանի շահերը, առաջին ռաունդում հաղթեց Գուլին: