Քանի որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բացառեց այլ տարբերակ, ես կարծում եմ՝ Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երկուսով վաղը կգան եւ կներկայանան դատարան։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

«Կաշխատեն գալ։ Պաշտոնական հանդիպում ունի պարոն Բակո Սահակյանը վաղը, եւ ցանակալի չէր, որ հանդիպմանը չգնա։ Բայց քանի որ դատարանը բացառեց այլ տարբերակ, ես կարծում եմ իրենք երկուսով վաղը կգան եւ կներկայանան դատարան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հայտարարել են, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանից ազատ արձակվի եւ դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինի։