Համաշխարհային 5 տեխնոհսկաները՝ Amazon-ը, Facebook-ը, Google-ը, Microsoft-ն ու Twitter-ը, մտադիր են միասին պայքարել համացանցում բռնության եւ ահաբեկչական կոնտենտի դեմ, հաղորդում է AP-ը:

Ընկերությունները նման համաձայնության են հասել Փարիզում համաշխարհային առաջնորդների եւ տեխնոլոգիական ընկերությունների հետ «Կրայստչերչում գործողության կոչ» անվանումը կրող հանդիպման ընթացքում:

Հանդիպումը, որը կազմակերպել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, անցկացվել է Կրայստչերչի մզկիթներում մարտին տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին, որի հետեւանքով 51 մարդ զոհվեց:

Ընկերությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նրանցից յուրաքանչյուրը առանձին քայլեր կձեռնարկի՝ նման կոնտենտի տարածման հարցում իր քաղաքականության բարելավման համար:

Համաձայնագրով նախատեսված է նաեւ նոր տեխնոլոգիաներում ներդրումներ անել՝ անտեղի գրառումները հեռացնելու, ինչպես նաեւ ուղիղ եթերում ստուգումներ մտցնելու եւ թափանցիկություն ապահովելու նպատակով: