Վարչապետ Փաշինյանը Պեկինից լուսանկարներ է հրապարակում ֆեյսբուքյան իր էջում, արդեն հետաշխատանքային։ Այսօր նրան ու տիկնոջը հրավիրել էին 150 տարվա մի ռեստորան՝ «պեկինյան բադ» ուտելու։ Փաշինյանը գրել է, որ ցնցված է չինական հյուրընկալությունից :  Նա նաեւ մի տեսանյութ է հրապարակել ասիական մշակութային փառատոնից, որտեղ հանդես է գալիս հայկական ազգային պարի համույթը։ «Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին»,- գրել է նա։

Դատարանն այսօր շարունակեց քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Բակում դարձյալ նույն պատկերն էր, երկու թեւերը երկու մայթերին կանգնած իրար հասցեին փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում։ Իսկ նիստը տեւեց մոտ 5 ժամ։ Դատախազները միջնորդեցին, որպեսզի Արշակ Կարապետյանի ցուցմունքը հրապարակվի դռնփակ, դատարանը մերժեց միջնորդությունը։ Կարապետյանը 2008-ին Երեւանի կայազորի պետին կից ստեղծված վարչակազմում էր եւ ըստ Քոչարյանի փաստաբանների՝ նրա ցուցմունքի հիման վրա է կառուցվել մեղադրանքը։ Ցույց տալու համար, որ այդ միակ փաստն անհիմ է՝ նրանք ներկայացրին հատվածներ այլ ցուցմունքներից՝ նաեւ Սերժ Սարգսյանի ցուցմունքից։

Փաստաբան Ալումյանը մեջբերեց մեղադրանքից մի հատված ըստ որի՝ մարտի 1-ի դեպքերին ներգրավված են եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանին մերձավոր որոշ անձինք, իսկ թե ովքեր են նրանք, անհայտ է։ Ըստ փաստաբանի՝ 7 հոգու սպանությունը վերագրելով անորոշ անձանց, քննչական մարմինը փորձում է քողարկել իրական հանգամանքները։ Խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, որոնք երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակման համար, հավանաբար վաղը կներկայանան դատարան։

Այսօր հրավիրվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Երեւանում է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Կողմերն ակնկալում են բացահայտել գործակցության նոր հեռանկարներ ու ձեւաչափեր:

Արդեն ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ քաղաքական հարցերի։ Արցախի նախագահների երաշխավորությունը արդյոք փորձ չէ ճնշում գործադրելու դատարանի վրա։

Արարատ Միրզոյանն էլ առաջարկով հանդես եկավ ուղղված Վիտալի Բալասանյանին, որը ավելի վաղ հայտարարել էր, թե պետք էր բավարարվել Արցախի նախագահների դիմումը Հայաստանի գլխավոր դատախազին։

Աջափնյակում մետրոյի կայարան ունենալու հույսը քաղաքապետարանում ամրանում է։ Գլխավոր ճարտարապետը այսօր հայտարաեց, որ հուսով են մինչև հունվար ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից սկսել շինարարական  աշխատանքները:

Քաղաքապետարանում ցածր աշխատավարձը նեղում է նաեւ Մեսչյանի ղեկավարությամբ գործող աշխատակիցներին, քաղաքապետը փորձել էր մինչեւ 100 տոկոս բարձրացնել աշխատավարձերը, բայց նրա թիմակիցները Մարությանին չէին սատարել։

Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է, այսօր կազմել է 480 դրամ, եվրոն 538 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 619, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 41 դրամ:

Հայաստանում մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +30+32։