ԱՄՆ առեւտրի նախարարությունը մտադիր է սեւ ցուցակի մեջ մտցնել հեռահաղորդակցային սարքավորումներ արտադրող չինական խոշորագույն ընկերություն Huawei-ն, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս գործողությունը կապված է նախարարության հասանելի տեղեկությունների հետ, որ Huawei-ն ներգրավված է գործունեության մեջ, որը շարադրված է Huawei-ի դեմ արդարադատության նախարարության մեղադրական եզրակացության մեջ»,- նշված է հայտարարությունում:

Ընկերությունը սեւ ցուցակում կհայտնվի իր 70 ստորաբաժանումների հետ՝ «գործունեության պատճառով, որը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանը», նշված է հաղորդագրության մեջ: Ամերիկացի արտադրողնոերը, որոնք վաճառում են Huawei-ի որեւէ արտադրանք, պետք է ունենան ամերիկյան իշխանությունների հատուկ թույլտվությունը:

«Այս քայլը արտասահմանցիներին պատկանող ընկերություններին կխանգարի ամերիկյան տեխնոլոգիան այնպես օգտագործել, որը պոտենցիալ կերպով կխափանի ԱՄՆ ազգային անվտանգությունը»,- այս կապակցությամբ հայտարարել է առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել էր ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաներին սպառնացող արտասահմանյան լրտեսության մասին եւ կոչ արել ներդրումների հրապարակայնությունը հավասարակշռել ազգային անվտանգության հետ:

Նա հրաման էր ստորագրել՝ հայտարարելով «ազգային արտակարգ դրության» ռեժիմ՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող սպառնալիքների հետ: Առեւտրի նախարարին հանձնարարվել էր արգելել գործարքները, որոնք անընդունելի ռիսկ են ստեղծում ԱՄՆ ազգային անվտանգության կամ ԱՄՆ բնակիչների անվտանգության համար:

Հրամանում կոնկրետ երկրներ ու ընկերություններ նշված չեն, սակայն համարվում է, որ ուղղված է Չինաստանի եւ Huawei ու ZTE ընկերությունների դեմ: