Չինական հեռահաղորդակցային սարքավորումների ամենախոշոր արտադրող Huawei-ը ասել է, որ ԱՄՆ անհիմն սահմանափակումներն ընկերության հանդեպ չեն օգնի Վաշինգտոնին անվտանգություն ստանալ եւ ավելի ուժեղ դառնալ, Ամերիկան ստիպված է լինելու օգտվել ավելի թանկ եւ պակաս անվտանգ այլընտրանքից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է Huawei-ը մտցնել սեւ ցուցակ։ Նրա 70 մասնաճյուղերը նույնպես կհայտնվեն սեւ ցուցակում «ԱՄՆ ազգային անվտանգությանը հակասող գործունեության պատճառով»։

«Եթե ԱՄՆ-ը սահմանափակի Huawei-ին, դա չի օգնի նրան ձեռք բերել ավելի մեծ անվտանգություն, ինչպես եւ ԱՄՆ-ն ավելի ուժեղ չի դարձնի։ Դա կստիպի նրան օգտվել ավելի ցածրորակ ու ավելի թանկ այլընտրանքից, հայտնվել 5G ցանց կերտող երկրների վերջում»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Huawei-ը հայտարարել է, որ դա վերջնարդյունքում կանդրադառնա ամերիկյան ընկերությունների եւ սպառողների շահերի վրա։

«Սահմանափակումները նաեւ անպատշաճ ոտնձգություն են Huawei-ի իրավունքների դեմ եւ լուրջ իրավաբանական հարցեր են առաջացնում»,- ասվում է հայտարարությունում։

Huawei-ն, այնուամենայնիվ, պատրաստ է կապ պահպանել ԱՄՆ կառավարության հետ՝ իր արտադրանքի անվտանգության երաշխիքների ապահովման համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հրամանագիր էր ստորագրել՝ «ազգային արտակարգ դրության» ռեժիմ հայտարարելով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների սպառնալիքների հետ կապված։ Առեւտրի նախարարին հանձնարարվել էր արգելել գործարքները, որոնք անընդունելի վտանգ են ստեղծում ԱՄՆ ազգային անվտանգության կամ ԱՄՆ բնակիչների անվտանգության համար։

Կոնկրետ երկրներ եւ ընկերություններ հրամանագրում չեն նշվում, բայց համարվում է, որ այն ուղղված է նախեւառաջ Չինաստանի եւ Huawei ու ZTE ընկերությունների դեմ։ Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ կխոչընդոտի Huawei-ի սարքավորումների օգտագործմանը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում 5G սերնդի սարքավորումների ստեղծման գործում։