Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անհնար է արդյունավետ արդյունքների հասնել առանց պիլոտային նախագծերի: Մայիսի 16-ին Երեւանում ընթացող «Արեւելյան գործընկերության» թվային հմտությունների տարածաշրջանային ցանցի 6-րդ սեմինարում այս մասին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում 2 պիլոտային նախագիծ արդեն անցել է արդյունավետորեն ռեալ գործող ծրագրերի մակարդակ: «Սակայն մինչեւ մի երկրի հաջողված պիլոտային ծրագիրը մյուսում կիրառելը, այն պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի՝ հաշվի առնելով տեղային պայմանները: Համաշխարհային արվեստ գոյություն չունի, կա ազգային արվեստների սինթեզ, նույն կերպ եւ չկա համաշխարհային կրթություն, բայց կա տարբեր երկրների կրթական համակարգերի որոշակի սիմբիոզ»,- նշեց նա:

Վարդանյանն ընդգծեց «Ռեալ դպրոցի» հաջող փորձը, որտեղ սովորում են 15-ից մինչեւ 18 տարեկան երեխաներ, ինչպես նաեւ «Արմաթի» 260 գործող ինժեներական լաբորատորիաները, որոնցում սովորում են 10-ից մինչեւ 18 տարեկան 6300 երեխաներ: «Այսօր արդեն հաջողություններ կան: Թալինից «Արմաթի» լաբորատորիայի 14 տարեկան աշակերտը ընկերություն է ստեղծել, որն աշխատում է վիրտուալ իրականության ոլորտում: Մենք իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկում ենք Հայաստանի բոլոր դպրոցներում այսպիսի լաբորատորիաների ներդրման հնարավորությունը»,- հավելեց նա:

Փորձագետի կարծիքով՝ կարեւոր է փոխել նրանց գիտակցությունը, ովքեր ներգրավված չեն բարձր տեխնոլոգիաների ուսուցմանը, ընդ որում՝ դա պետք է անել եղած հաջող օրինակների շնորհիվ: «Վերջերս գերմանական ընկերություններից մեկը Վանաձորում մասնաճյուղ բացեց, որտեղ կաշխատեն 14-ից 18 տարեկան 80 ուսանողներ աշխատանքային 4-ժամյա գրաֆիկով եւ 220 դոլար միջին աշխատավարձով: Ապագա ուսանողի համար սա շատ լավ օժանդակություն է եւ կարող է օրինակ ծառայել ու մյուսներին ոգեւորել, որպեսզի ձգտեն գիտելիքներ ստանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակեց Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ մայիսի 16-ին Երեւանում ընթանում է «Արեւելյան գործընկերության» թվային հմտությունների տարածաշրջանային ցանցի 6-րդ սեմինարը, որին մասնակցում են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Լատվիայի ներկայացուցիչները: