Սուդանի անցումային ռազմական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ ընդունվել է որոշում երեք օրով դադարեցնելու բանակցություններն ընդդիմության հետ եւ ապամոնտաժելու բարիկադները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Al-Arabiya-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ անցումային ռազմական խորհրդում ասել են, որ չեն հանդուրժի այն, որ ցուցարարներն անընդհատ փակում են Խարթումի ճանապարհները եւ կամուրջները, բայց խոստացել են ուժ չկիրառել նրանց ցրելու համար։

Երկուշաբթի երեկոյան Սուդանի պաշտպանության նախարարության շենքերի համալիրի մոտի հրապարակ (Խարթումում) են ներխուժել զինված մարդիկ՝ արագ արձագանքման ուժերի համազգեստներով։ Ականատեսների խոսքով՝  նրանք կրակ են բացել հրապարակում գտնվող ցուցարարների վրա։ Սուդանի անցումային ռազմական խորհուրդը  մեղադրել է երրորդ ուժերին հրապարակում ցուցարարների վրա հարձակվելու եւ ընդդիմության հետ իշխանության կառուցվածքի մասին համաձայնագիրը ձախողելու փորձի մեջ։ Տեղեկացվում է, որ զոհվել է վեց մարդ։

Սուդանում ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին քառամսյա ցույցերի ֆոնին։ Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ բանտարկվել։ Իշխանությունը վերցրել է բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է երկու տարվա ընթացքում ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին։ Բայց ժողովրդական ցույցերը, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում։ Ցուցարարները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարող մարմին եւ իշխանական բոլոր լիազորությունների հանձնում այդ մարմնին։