Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Անվտանգության խորհրդից։

ԱԽ քարտուղարը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։

ԱԽ քարտուղարը կարեւորել է ԱՄՆ` որպես համանախագահ երկրի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։ Հատուկ օգնական Հիլլն իր հերթին նշել է տարբեր մակարդակներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման կարեւորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների եւ ֆինանսական աջակցության հնարավորությունները։

Կարեւորվել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին ու ոստիկանության համակարգի բարեփոխումներին ամերիկյան աջակցությունը։

Կողմերը եւս մեկ անգամ ընգծել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կարեւորությունը։