ՌԴ Իրկուտսկի մարզում դատում են Ադրբեջանի քաղաքացու գլխավորած հանցավոր խմբավորում:

Վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությանը՝ Minval.az-ը հայտնում է, որ ամբաստանյալի աթոռին կհայտնվեն 22-ից մինչեւ 41 տարեկան Իրկուտսկի բնակիչներ: Քննության վարկածով՝ ամբաստանյալներից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացին, որը Ռուսաստանում ապօրինի է բնակվում, 2016 թվականին զինված խումբ է ստեղծել, որի մեջ մտել է եւս 14 մարդ: «Բանդայի պարագլուխը մարդկանց, այդ թվում գնչուների վրա հարձակվելու նպատակ է հետապնդել՝ նրանցից խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ շորթելու համար, ընդ որում՝ գործադրելով բռնություն եւ հրազեն»,- նշված է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկություններով՝ մեղադրյալները հարձակվել են ծանոթի վրա. մի քանի անգամ ատրճանակից կրակել են նրա վրա, հասցրել դանակի բազմաթիվ հարվածներ, որից հետո դաժանաբար ծեծել են:

2017 թվականի ապրիլի 23-ի գիշերը ուղղակիորեն տաքսու միջից առեւանգել են մեկ այլ տղամարդու: Նրան տարել են ամայի վայր եւ այնտեղ ծեծել՝ պահանջելով իրենց հետաքրքրող տեղեկությունները հայտնել:

2017 թվականի մայիսին բանդայի անդամներին ձերբակալել են:

Քննության ժամանակ մեղադրյալները հայտարարել են, որ հարձակվել են հերոին վաճառողների վրա՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու նպատակով: Այս մասին ֆիգուրանտներից մեկը պնդել է քննչական փորձարարության ժամանակ:

Մեղադրյալների վարկածը հերքվել է քրեական գործի նյութերով: Քննիչները պարզել են, որ զինված հարձակումները կատարվել են միայն շորթմամբ ապօրինի եկամուտ ստանալու նպատակով: