ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննությանը Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը շարունակում է ներկայացնել կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը։

Նա  հիշեցրեց, որ երբ ամենասկզբում Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, պաշտպանական խմբի համար դժվար էր հասկանալ մեղադրանքի էությունը։ «Մենք հայտարարում էինք՝ չգիտենք՝ ինչից ենք պաշտպանվում։ Որեւէ փորձ չէր կատարվում պարզաբանել մեղադրանքը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով՝ դա պարզ դատավարական հնարք է՝ երբ գործը թույլ է, ոչ հստակ ձեւակերպումներ են տրվում, իսկ երբ գործը ուժեղ է, հստակ է, ապա շատ պարզ ձեւակերպումներ են տրվում, ապացույցներ ներկայացվում։ Այստեղ գործ չկա, ինչպես ասում է գործիչներից մեկը՝ գործը օդ է, դրա համար խուճուճ ձեւակերպումներ են տրվել։ Մեղադրական կողմը կարող է գրել ինչ կամենա, կարող է վերցնել Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն եւ ասի սա մեղադրական եզրակացություն է...», -հայտարարեց Օրբելյանը։ Պաշտպանի խոսքը, սակայն ընդհատեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Նա առարակեց եւ խնդրեց Օրբելյանին նման ձեւակերպումներ չհնչեցնել։

«Եթե կվկայակոչեք պատմվածքներից մեջբերումներ, որի մասին խոսում եք, նույն ձեւ պատասխանեք նաեւ դուք»։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունեց առարկությունը եւ հորդորեց որակումներ չանել։ Արամ Օրբելյանն էլ իր հերթին արձագանքեց՝ ասելով.

«Ես չասացի՝ պատմվածքներ կան, էդպես կարող է ավելի հետաքրքիր լիներ»։ Օրբելյանի այս հայտարարության հետ համակարծիք էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։